Չնայած Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի այն հայտարարությանը, թե ինքը եւ իր բոլոր տեղակալները թողնում են իրենց զբաղեցրած պաշտոնները, Դավիթ Ջալաղանիան որոշել է ժամանակավորապես մնալ գերատեսչությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Ինչպես Փանջիկիձեն հայտարարել էր նոյեմբերի 5-ին կայացած արատակարգ բրիֆինգի ժամանակ, իր հետ ԱԳ նախարարությունը լքում են առաջին փոխնախարար Դավիթ Զալկանիանին, ինչպես նաեւ տեղակալներ Թամարա Բերուչաշվիլին եւ Վլադիմիր Գուրգենիձեն: Փանջիկիձեն ասել էր, որ իրենց կմիանա Ջալաղանիան, որը պաշտոնական այցով գտնվում է Կուբայում:

 

«Ես վարչապետից առաջադրանք եմ ստացել՝ կատարելու առաջադրանքները... Ես ժամանակավորապես շարունակում եմ իմ գործունեությունը: Ստեղծված իրավիճակում ես, իրոք, իրավունք չունեմ հաշվի չառնել մեր արտաքին քաղաքական կարիքներն ու խնդիրները»,- ասել է Ջալաղանիան «Մաեստրո» հեռուստաընկերությանը:

 

Սպասվում էր, որ Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին, որը Ալասանիայի «Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ է, պաշտոնաթող կլինի, բայց նա հայտարարել է, որ մնում է:

 

Ինչպես հաղորդել է «Իմեդի» հեռուստաընկերությունը, իր պաշտոնաթողության մասին հայտարարել է նաեւ ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Լեւան Դոլիձեն: Նա Ալասանիայի կուսակցության ղեկավարներից մեկի՝ Վիկտոր Դոլիձեի եղբայրն է:

 

Կուսակցությունը նախօրյակին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայից իր դուրս գալու մասին:

 

ԱՄՆ-ը անհանգստություն է հայտնել Վրաստանի կառավարությունում տեղի ունեցած պաշտոնաթողությունների կապակցությամբ: Ինչպես ասված է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակիի հայտարարության մեջ, Վաշինգտոնում «անհանգստացած են» պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, նրա տեղակալների, ինչպես նաեւ եվրատլանտյան ինտեգրացման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի եւ արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի ու նրա տեղակալների պաշտոնաթողություններից:

 

«Մենք բարձր ենք գնահատում իրենց երկրի հանդեպ այդ նախարարների վաստակը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ նրանց գործընկերությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

 

«Մենք պնդում ենք, որ բոլոր կողմերն ուշադրությունը կենտրոնացնեն Վրաստանի եվրատլանտյան ապագան ապահովելու վրա: Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ ցրել այն կասկածները, որ տվյալ դեպքում դատական համակարգը օգտագործվել է քաղաքական նպատակների հասնելու համար»,- ասված է Պսակիի հայտարարության մեջ: