Նախորդ տարիների համեմատ' այս տարի Հայաստանում կրծքի քաղցկեղի վաղ հայտնաբերման առաջընթաց կա: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն այս հիվանդության վաղ հայտնաբերման և բուժման արդեն 4300 դեպք է գրանցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը' միաժամանակ ընդգծելով, որ մեր հասարակությունում դեռ լիովին չի ձևավորվել բժշկի գնալու մշակույթը: «Ամեն շաբաթ մեր կենտրոնում քաղցկեղի մոտ 20 դեպք է հայտնաբերվում։ Տարվա ընթացքում 542 դեպք ենք գրանցել, հուսանք' թիվը մինչև տարեվերջ չի մեծանա»,-նշեց նա։

 

Քաղցկեղից խուսափելու միակ միջոցը, Հակոբյանի համոզմամբ, այն ժամանակին կանխելն է' տարին մեկ պարբերաբար բուժզննում անցնելով: «Յուրաքանչյուր կին պետք է գիտակցված գնա բժշկի մոտ, քանի որ եթե հիվանդ է մայրը, հիվանդ է ամբողջ ընտանիքը»,- ասաց նա։

 

Հայաստանում կրծքի քաղցկեղի տարածվածության և մահացության ցուցանիշներն աճում են: Կրծքի քաղցկեղից մահացությունը կազմում է մահվան ընդհանուր պատճառների 1.65 տոկոսը, իսկ բարձիթողության դեպքերը 2013 թվականին կազմել են 30,7 տոկոս: Ապացուցված է, որ առաջին փուլում հայտնաբերման դեպքում հիվանդների 70-80 տոկոսի կյանքի տևողությունը ևս հինգ և ավելի տարի երկարում է: Թիվը նվազում է մինչև 40-50 տոկոսի, երբ քաղցկեղը հայտնաբերվում է երկրորդ փուլում և 10-12 տոկոսի, եթե հայտնաբերվել է երրորդում: Քաղցկեղի ամերիկյան կոմիտեն մշակել է ուղեցույց, որի համաձայն' կինը 20 տարեկանից սկսածկարող է սկսել ինքնազննումը, 20-40 տարեկանում խորհուրդ է տրվում երեք տարին մեկ անգամ անցնել կլինիկական զննում, իսկ 40-ն անց տարիքում' տարին մեկ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն: