Ինչպես Շվեյցարիան հայտնի է իր արտադրած ժամացույցներով, այնպես էլ Հայաստանը հնարավորություն ունի ճանաչվելու որպես ոսկերչության երկիր: Նման համոզմունք հայտնեց Ֆրանսիայի հայ ոսկերիչների միության նախագահ Հովել Շնորհոգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում: Ֆրանսիական Moog և շվեյցարական Tellus ընկերությունների սեփականատերը նկատում է, որ Հայաստանում ազատ տնտեսական գոտու և ընդհանրապես ոսկերչության բնագավառի զարգացման համար անհրաժեշտ է հավաքական աշխատանք, և 3-4 տարվա ընթացքում Հայաստանը կդառնա ոսկերչական երկիր:

 

«Մենք բախտավոր ենք պարոն Գևորգյանի պես նախագահ ունենալ (Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ (AJA) Գագիկ Գեւորգյան-հեղ.), ով մեծ ներդրում է կատարել այս ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում: Հրաշք շենք է ստացվել, որը իր նմանը չունի Երևանում: Այս շենքի մուտքի աջ կողմում մի հին գրություն կա. «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այս գործի հաջողության համար մեզ անհրաժեշտ է հավաքական ուժը: Հայաստանում և արտերկրում մենք ունենք հզոր ուժեր, ովքեր պետք է մեկ սեղանի շուրջ հավաքվեն և Երևանում անգործ մարդ չի մնա», - ընդգծեց Հովել Շնորհոգյանը:

 

Ֆրանսիայի հայ ոսկերիչների միության նախագահը նաև նշեց, որ գոյություն ունեն փոքր խոչընդոտներ' ապրանքներ ներմուծելու և արտադրելու հարցում: Նա հույս հայտնեց, որ պետությունը ոսկերիչներին նեցուկ կկանգնի և դյուրացնի այս հարցերը:

 

Նոյեմբերի 24-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի տնտեսությանը, որտեղ Հովել Շնորհոգյանը կներկայացնի Հայաստանում ոսկերչության բնագավառում արտադրության մակարդակն ու ցուցանիշերը: