Հայկական բանակում հոգևորականի առկայությունն օգնում է զինվորին ավելի հայրենասեր լինել և ավելի լավ տիրապետել իր մասնագիտությանը: Այս մասին նոյեմբերի 8-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց հակաօդային պաշտպանության զորքերի հոգևոր հովիվ Կորյուն քահանա Կարապետյանը: «Բանակում քահանայի ներկայություն ը հայ զինվորի մեջ ձևավորում է ընկերոջն օգնելու, սատար կանգնելու ամուր գաղափարախոսություն: Այսինքն, մարդը ոչ միայն պտտվում է իր անձի շուրջ, այլ սկսում է պտտվել նաև իր ընկերոջ անձի շուրջ, ինչպես տեղի էր ունենում մեր ազատագրական պայքարի ժամանակ: Պատերազմի ժամանակ, երբ ողջ և առողջ մեկը տեսնում էր, որ ընկերը վիրավոր է, անձնուրացաբար գնում, փրկում էր իր ընկերոջը, և ինքը՝ զոհվում: Մենք չենք քարոզում՝ գնա զոհվիր հայրենիքի համար, ոչ. մենք քարոզում ենք գնա ապրիր հայրենիքի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Կորյուն քահանա Կարապետյանն ընդգծեց, որ բանակում աղանդավորականները քիչ չեն, սակայն նկատեց, որ նրանցից շատերը ծառայության ընթացքում փոխում են իրենց կրոնական հայացքները և դառնում են Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ: «Նրանց առնվազն 80 տոկոսը ծառայության ընթացքում վերադառնում են տուն՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի: Ես սա մեծ ուրախությամբ եմ նշում»,- ընդգծեց նա:
Բանակում քահանաները մեծ սիրով աշխատում են նաև կրոնական այլ հայացք ունեցող զինվորների հետ, քանի որ դա նրանց խնդիրն է: «Այս կերպ մենք կայացնում ենք երկիրը, որտեղ ապրում ենք: Աստված մեզ տվել է երկիր՝ պահպանելու, սիրելու, կայացնելու, մենք պարտավոր ենք անել դա»,- ընդգծեց Կորյուն քահանա Կարապետյանը: