Ազգային ժողովում այս պահին քննարկվում է կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել կառավարության կազմում: Ըստ այդ փոփոխությունների՝ առաջարկվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը միացնել Տարածքային կառավարման նախարարությունը, ինչպես նաև ստեղծել նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ այս երկու փոփոխություններով բյուջեից հավելյալ ծախսեր չեն նախատեսվում:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Հովհաննես Մանուկյանին.
«Դուք ասացիք, որ բյուջեից հավելյալ ծախսեր չեն արվելու: Այդ դեպքում այս երկու նախարարությունները միացնելուց և երրորդը ստեղծելուց ինչքա՞ն է բյուջեն գումար տնտեսելու և այդ գումարն ո՞ւր է ուղղվելու, կամ երրորդը, ի վերջո, ո՞ւմ հաշվին է ստեղծվելու»:
Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ արդյունավետության բարելավումը միայն չի նշանակում այդ կառույցի վրա միջոցների ծախսում: Այն վերաբերում է այդ ոլորտներում կառավարման արդյունավետության բարձրացմանը, որոնցով զբաղվելու են այս երկու նախարարությունները: Մենք փորձել ենք եղած միջոցների հաշվին լուծել այն խնդիրները, որոնք դրված են այս երկու նախարարությունների առջև: