«Բավականին կառուցողական և արդյունավետ նիստ էր, հիմնակում քննարկել ենք կազմակերպական հարցեր առաջիկա անելիքների՝ համաժողովրդական շարժման շտաբների հետ կապված և բովանդակայինը՝ հանրային միջոցառումների մասով»,- այսօր Ազգային ժողովում եռյակի նիստից հետո, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

 

Վերջինիս խոսքով՝ եռյակում առաջարկություններ կան գրասենյակների ղեկավար մարմին, քաղաքական կառույց և այլ կառույցներ ստեղծելու վերաբերյալ.

 

«Մենք դա կկատարենք վաղը և մյուս օրը եռյակի նիստ կանենք, որի ժամանակ վերջնական արդյունքը կլինի»,- ասաց նա:

 

ԲՀԿ-ական պատգամավորը շտապեց նշել, որ եռյակը չի պառակտվի. «Ի հեճուկս շատ ցանկությունների՝ եռյակը չի պառակտվի: Ես նորմալ եմ համարում, որ երեք ուժից ամեն մեկն իր տեսակետն ունի այս կամ այն հարցի վերաբերյալ, եռյակի կենսունակության համար կարևոր է ոչ թե այն, որ տարբեր կարծիքներ կան, կենսունակության համար կարևոր է այն, թե որքանով է հաղթահարելու կարծիքների բազմազանությունը: Մենք վերջնական կոնսեսուսի կգանք բոլոր հարցերի շուրջ, եռյակը շարունակելու է իր գործունեությունը»,- նշեց Մարգարյանը: