Ներկայում հանրապետության բոլոր թռչնաբուծարանների հավկիթի օրական արտադրությունը լիարժեք բավարարում է ներքին շուկայի պահանջարկը: Այս մասին հայտարարում է «Հայ թռչնաբույծների միությունը»' հաշվի առնելով վերջին օրերին հանրապետության որոշ տարածաշրջանների առևտրի կետերում հավկիթի պակասության վերաբերյալ սպառողների ահազանգերը: «Հանրապետությունում արտադրական ծավալները բավարար են ամա նորյա առևտրին բնակչության պահանջարկը բավարարելու համար:
Միաժամանակ որոշ տարածաշրջանների առևտրի կետերում նկատվող հավկիթի պակասությունը հիմնականում բացատրվում է այն հանգամանքով, որ նշված առևտրի կետերը չեն ցանկանում արտադրող ընկերությունների (թռչնաբուծարանների) հետ կնքել երկարաժամկետ պայմանագրեր' հավկիթի մատակարարման վերաբերյալ, իսկ մի շարք առևտրի կետեր մինչ օրս չեն վճարել ամիսներ առաջ իրենց մատակարարված ապրանքի (հավկիթի) գումարը, որի հետևանքով էլ հավկիթի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Այնուամենայնիվ, հաշվի առնելով սպառողներին հավկիթով ապահովելու անհրաժեշտությունը, առաջիկա օրերին հավկիթի մատակարարումը կկարգավորվի»,-նշվում է «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ:
«Հայ թռչնաբույծների միությունը» հանրապետության թռչնաբուծարանների անունից միաժամանակ հայտարարում է, որ մատակարարված հավկիթը' ըստ քաշային տեսակների, իրացման կետերին առաքվում է միևնույն գնով և հավկիթի գների բարձրացում տեղի չի ունեցել: