Ադրբեջանում պետական դրոշի օրվա կապակցությամբ իշխանության ներկայացուցիչները հանդես են եկել ժողովրդին ուղղված շնորհավորանքներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az կայքն այդ առնչությամբ հարց է հնչեցրել, թե Ադրբեջանում ո՞վ է հավատում դրոշի նկատմամբ իրենց սիրո մասին իշխանությունների հնչեցրած կարծիքների անկեղծությանը:
Կայքի հնչեցրած հարցին արած արձագանքում ճանաչված հասարակական քաղաքական գործիչ Ագիլ Սամեդբեյլին նշել է, թե ինքը չի հավատում, որ իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը անկեղծ սեր ունի պետական դրոշի նկատմամբ:
«Դրոշն իսկապես եւ անկեղծորեն սիրող մարդիկ այն չեն կախում գլխավերեւում եւ նրա տակ գողությամբ զբաղվում: Չեն թալանում պետության եւ ազգի հարստությունը: Սուտ չեն խոսում: Ժողովրդին չեն կեղեքում: Ցավալի է, որ Ադրբեջանում այս ամենը վերածվել է չինովնիկների առօրյա կենսակերպի: Անգամ նվազագույն իրավունք պահանջողի նկատմամբ վերաբերվում են ինչպես ահաբեկչի: Արդարադատություն չլինելու պատճառով Ադրբեջանում արագորեն զարգանում է արմատականությունը: Պատկերացրեք, մի փոքրիկ ֆինանսական խարդախության մեջ մեղադրվող Իսպանիայի թագավորական տան անդամին զրկում են ընտանիքի անդամությունից: Իսկ ի՞նչ են անում մեզ մոտ: Գլխավոր, խոշոր գողերը պարգեւատրվում են, փոքր, անտեր գողերը' պատժվում: Այժմ Ադրբեջանը բերվել է այնպիսի վիճակի, որ գող չհանդիսացող ճիշտ մարդուն նայում են որպես անհաջողակի», -ասել է Սամեդբեյլին: