Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը առաջիկա ուրբաթ պետք է հաշվետվություն ներկայացնի ԵԽ նախարարների կոմիտեում` իր երկրի 6-ամսյա նախագահության ժամանակաշրջանում կատարած աշխատանքների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ն այդ առնչությամբ գրում է, որ ԵԽ-ում Ադրբեջանի նախագահության 6 ամիսներին իշխանությունն ավելի ուժեղ ռեպրեսիաներ է իրագործել եւ հանդիպել աշխարհի լուրջ հակազդեցությանը: Նույնիսկ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկություններ են օրակարգ բերվել, եւ դրա հետ կապված բանաձեւ է ընդունվել: Միեւնույն ժամանակ ներկայում կեղծ մեղադրանքներով ձերբակալված իրավապաշտպաններին միջազգային պարգեւներ են հանձնվել եւ պահանջվել այդ անձանց անմիջապես ազատել բանտերից:
«Այսինքն, այդ 6-ամսյա նախագահության ժամանակաշրջանը համընկավ միջազգային ասպարեզում իշխանության հեղինակության անկմանը եւ Ադրբեջանում իրական իրավիճակի բացահայտմանը», -գրում է թերթը:
Թերթի այն հարցին, թե նման իրավիճակում ինչպե՞ս կարող է գնահատվել Էլմար Մամեդյարովի հաշվետվությունը, եւ ընդհանրապես, այդ ժամանակահատվածում ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ընդդիմադիր ուժերի Ազգային խորհրդի միջագային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գյուլթեքին Հաջիբեյլին հայտնել է, որ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելու ժամանակաշրջանում Ադրբեջանի իշխանությունը կարողացել է միայն հարված հասցնել երկրի հեղինակությանը:
«Մենք կցանկանայինք, որ այդ նախագահության ժամանակաշրջանում Ադրբեջանի հետ կապված դրական գործեր կատարվեին, երկրի դրական վարկանիշ ձեւավորվեր, խնդիրները լուսաբանվեին: Սակայն Ադրբեջանի կառավարությունն ամենաավերակ վիճակ ստեղծեց հենց այդ ժամանակաշրջանում: Կեղծ մեղադրանքներով ձերբակալվեցին ոչ միայն քաղաքական ակտիվիստները, այլ նաեւ հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ: Կրոնական հանդուրժողականությամբ, ինչով մշտապես հպարտանում էինք, միջազգային զեկույցներում հայտնվեցինք վերջին տեղում:
Նույնիսկ, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորնբեր Յագլանդը հայտարարեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում «դանակը հասել է ոսկորին»: Հանրությունն ափսոսանք է զգում եւ տեսնում է իշխանության սխալ քաղաքականության հասցրած հարվածը Ադրբեջանին: Մարդու իրավունքների, ժողովրդավարության ոլորտում ակնհայտ հետընթացից հետո նախագահության ժամակաշրջանում կատարված աշխատանքների արդյունքների հետ կապված դրական հաշվետվություն տալ հնարավոր չէ: Այսինքն, չկարողացանք այդ ժամանակն օգտագործել Ադրբեջանի օգտին: Նույնիսկ Ադրբեջանի նկատմամբ տարբեր ժամանակներում լոյալ վերաբերմունք ցուցադրած Եվրոպայի Խորհուրդն է բողոքում իշխանության քայլերից»,-ասել է Գ. Հաջիբեյլին: