Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը առաջիկա ուրբաթ պետք է հաշվետվություն ներկայացնի ԵԽ նախարարների կոմիտեում' իր երկրի 6-ամսյա նախագահության ժամանակաշրջանում կատարած աշխատանքների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ն այդ առնչությամբ գրում է, որ ԵԽ-ում Ադրբեջանի նախագահության 6 ամիսներին իշխանությունն ավելի ուժեղ ռեպրեսիաներ է իրագործել և հանդիպել աշխարհի լուրջ հակազդեցությանը:
Նույնիսկ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկություններ են օրակարգ բերվել, և դրա հետ կապված բանաձև է ընդունվել: Միևնույն ժամանակ ներկայում կեղծ մեղադրանքներով ձերբակալված իրավապաշտպաններին միջազգային պարգևներ են հանձնվել և պահանջվել այդ անձանց անմիջապես ազատել բանտերից:
«Այսինքն, այդ 6-ամսյա նախագահության ժամանակաշրջանը համընկավ միջազգային ասպարեզում իշխանության հեղինակության անկմանը և Ադրբեջանում իրական իրավիճակի բացահայտմանը», -գրում է թերթը:
Թերթի այն հարցին, թե նման իրավիճակում ինչպե՞ս կարող է գնահատվել Էլմար Մամեդյարովի հաշվետվությունը, և ընդհանրապես, այդ ժամանակահատվածում ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ընդդիմադիր ուժերի Ազգային խորհրդի միջագային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գյուլթեքին Հաջիբեյլին հայտնել է, որ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելու ժամանակաշրջանում Ադրբեջանի իշխանությունը կարողացել է միայն հարված հասցնել երկրի հեղինակությանը:
«Մենք կցանկանայինք, որ այդ նախագահության ժամանակաշրջանում Ադրբեջանի հետ կապված դրական գործեր կատարվեին, երկրի դրական վարկանիշ ձևավորվեր, խնդիրները լուսաբանվեին: Սակայն Ադրբեջանի կառավարությունն ամենաավերակ վիճակ ստեղծեց հենց այդ ժամանակաշրջանում: Կեղծ մեղադրանքներով ձերբակալվեցին ոչ միայն քաղաքական ակտիվիստները, այլ նաև հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ:
Կրոնական հանդուրժողականությամբ, ինչով մշտապես հպարտանում էինք, միջազգային զեկույցներում հայտնվեցինք վերջին տեղում: Նույնիսկ, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորնբեր Յագլադը հայտարարեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում «դանակը հասել է ոսկորին»: Հանրությունն ափսոսանք է զգում և տեսնում է իշխանության սխալ քաղաքականության հասցրած հարվածը Ադրբեջանին:
Մարդու իրավունքների, ժողովրդավարության ոլորտում ակնհայտ հետընթացից հետո նախագահության ժամակաշրջանում կատարված աշխատանքների արդյունքների հետ կապված դրական հաշվետվություն տալ հնարավոր չէ: Այսինքն, չկարողացանք այդ ժամանակն օգտագործել Ադրբեջանի օգտին: Նույնիսկ Ադրբեջանի նկատմամբ տարբեր ժամանակներում լոյալ վերաբերմունք ցուցադրած Եվրոպայի Խորհուրդն է բողոքում իշխանության քայլերից», -ասել է Գ. Հաջիբեյլին: