Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին' միջնորդելու ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին հայկական կողմին հանձնելու հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն ասաց, որ իրենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիմել են առավոտյան, իսկ ընթացիկ այլ հարցերով զբաղվում է այլ գերատեսչություն: Հակոբյանը հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի զոհված երեք օդաչուների դին վերադարձվի հայրենիք:

 

«Քանի որ ուղղաթիռը ընկած է ադրբեջանցիների դիրքի մոտ, մերոնք չեն կարողացել մոտենալ մեր անձնակազմին: Այդ կապակցությամբ ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնապես արդեն դիմել է Կարմիր խաչին, որպեսզի որպես միջնորդ հանդես գա և միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան կարողանանք հարցը կարգավորել»,- ասաց Մովսես Հակոբյանը' հավելելով, որ երեկվա դեպքի առթիվ ընթանում է քննություն: Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, Մովսես Հակոբյանն այն բնութագրեց «ամենօրյա»' հավելելով, որ սահմանին կանգնած զինվորը գիտակցում է իր դերակատարությունն ո ւ պատվով կատարում է իր առաքելությունը:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, և ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

 

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն և արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: