Ադրբեջանական կողմը շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում' հայկական ուղղաթիռի խոցման վայրում կրակահերթերը, ինչը հնարավորություն չի տալիս ճշտել մանրամասները և ուղղաթիռի անձնակազմի վերաբերյալ հստակ տեղեկատվություն ունենալ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Ադրբեջանը նույն ինտենսիվությամբ շարունակում է հրադադարի ռեժիմի խախտումը, միջադեպի վայրում կրակահերթերի արձակումը, ինչը հնարավորություն չի տալիս ճշտել մանրամասները: Պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը»,- ընդգծեց Հասրաթյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: