Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին կոչ է անում ժողովրդին քաղաքական շահարկման առարկա չդարձնել: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա, անդրադառնալով որոշ պատգամավորների քննադատական ելույթներին, նշեց, որ ժողովրդի մասին կարելի է մտածել, սակայն չի կարելի նրան քաղաքական շահարկման առարկա դարձնել: «Տպավորություն է ստեղծվում, թե այս դահլիճում անձնազոհների մի ամբողջ խումբ է նստած, և պատերազմ է գնում, թե ով է ավելի շատ ժողովրդին սիրում: Ժողովրդին սիրում են հոգեպես, ներքին զգացումներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Անդրադառնալով պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե ԱԺ-ում հակաժողովրդական նախագծեր են քննարկվում, Գալուստ Սահակյանը նկատեց, որ անկախ նրանից, թե ԱԺ պատգամավորները միմյանց սիրում են, թե չէ, հակաժողովրդական անձինք խորհրդարանում չկան: