Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 10-11-ը Ժնևում նախարարական մակարդակով կանցկացնի միջազգային խորհրդաժողով՝ նվիրված Էբոլա տենդի մահացու վիրուսի դեմ պայքարի հարցերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 18-ին Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԱՀԿ-ի մամուլի քարտուղար Թարիք Յազարևիչը:

 

 

«Դեկտեմբերի 10-11-ին Զարգացման աֆրիկյան բանկը, Առողջապահության արևմտաաֆրիկյան կազմակերպությունը, Համաշխարհային բանկը և ԱՀԿ-ն Ժնևում առողջապահության և Էկոնոմիկայի նախարարների, միջազգային տեխնիկական կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությամբ անցկացնեն հանդիպում՝ նվիրված Էբոլայով վարակված երկրներում առողջապահության համակարգերի ուժեղացման միջոցառումներին»,-հայտնել է նա:

 

 

Յազարևիչի խոսքով՝ Հանդիպման նպատակը կլինի մահացու վիրուսով վարակված երկրներում առողջապահության համակարգերի ամրապնդման և բնակչությանը որակյալ օգնություն ցուցաբերելու ուղիների որոնումը:

 

 

Էբոլա տենդից զոհված մարդկանց ընդհանուր թիվը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների, հասել է 5 հազար 177-ի՝ 14 հազար 413 վարակվածներից: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է արևմտաաֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: