Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը մեծ ոգևորություն է առաջացրել ԱՄՆ կոնգրեսականների շրջանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձախումբը:
«Ղազիր գորգը սովորական գորգ չէ, այն շոշափելի կապ է ստեղծում այսօրվա և 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջև, սա լուռ ու գեղեցիկ ապացույցն է բոլոր նրանց համար, ովքեր ժխտում են 1915-23 թվականներին հայ ժողովրդի 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունը, որը տեղի է ունեցել զանգվածային կոտորածների, բռնի տեղահանության, բռնաբարությունների և կողոպուտի միջոցով»,- իր խոսքում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նրա կարծիքով' մինչ աշխարհը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որբերի գորգը վերակենդանացն ում է հայկական ցրված ընտանիքներին և այն զանգվածային անմարդկայնությունը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: «Ես հուսով եմ, որ այն կարող է լավ դաս լինել ամերիկացիների նոր սերնդին պատմության մեծագույն ողբերգության վերաբերյալ և հանգեցնել ջանքերը կրկնապատկելուն, որպեսզի 2015 թվականին վերջնական և հավերժ կերպով հիշատակվի հայերի ցեղասպանությունը' առանց խուսափողականության»,- ասել է Շիֆը:
Կոնգրեսական Դևիդ Վալադոն խոսել է ԱՄՆ-ում հայկական համայնքի կարևոր դերի մասին: Նրա համոզմամբ' հայ որբերի գորգը ընդհանուր մասնիկն է ամերիկյան և հայկական պատմության, որը պետք է հասանելի լինի հանրությանը:
«Հայ որբերի գորգը խորհրդանշում է հայերի հարատև ոգին»,- ասել է կոնգրեսական Ջոն Սարբանեսը, ով հույս է հայտնել, որ գորգի ցուցադրությունը կարող է նպաստել խնդրի արդար քննարկմանը, ինչն էլ ի վերջո կհանգեցնի ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:
Կոնգրեսի անդամ Քեթրին Քլարքը համոզմունք է հայտնել, որ հայկական գորգի ցուցադրությունը ամերիկացիներին ֆիզիկապես կհիշեցնի Հայոց ցեղասպանության մասին: Նրա կարծիքով' արդեն վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ճանաչի Ցեղասպանությունը:
Հայ որբերի գորգի ցուցադրությունը գնահատող խոսքեր են հնչեցրել նաև կոնգրեսականներ Ջիմ Կոստան, Դևիդ Սիսիլինը, Ջուդի Չուն, Ջեյմս մըքԳավըրնը:
Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի հայ որբերի գործած գորգը: Ցուցահանդեսը կոչվում է «Շնորհակալություն ԱՄՆ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան մեծահոգության», որտեղ հայկական գորգի կողքին կներկայացվեն 1930 թվականին Ֆրանսիայից ստացված Սևրի ծաղկամանը' Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաև ապակու մեծ ծաղկող ճյուղը, որն ԱՄՆ ներկայիս նախագահ Օբամային են նվիրել ճապոնացիները' 2010 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո տրամադրված օգնության համար:
1920թ. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի օգնությամբ հիմնադրված Ղազիրի որբանոցի հայ աղջիկները 10 ամիս շարունակ գործել են հայկական գորգը։ Այն ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին է ներկայացվել 1925 թվականի դեկտեմբերի 4-ին, Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Նախագահի պաշտոնից հեռանալու ժամանակ (1929 թվական) Քուլիջն իր հետ տանում է գորգը' որպես անձնական նվեր, սակայն 80-ականներին այն վերադարձնում են Սպիտակ տուն, որից հետո գորգը միայն երկու անգամ է հրապարակայնորեն ցուցադրվել:
Հայ որբերի գորգն ավելի քան քսան տարի պահված է եղել Սպիտակ տան նկուղում: Գորգի ցուցադրությունը մի քանի անգամ հետաձգվել է, ինչն առաջացրել է հայ համայնքի և մի շարք կոնգրեսականների վրդովմունքը: Հայ որբերի գորգի ցուցադրման թեման հատկապես վերջին տարիներին հաճախ է հայտնվում միջազգային ու տեղական լրատվամիջոցների էջերում, քաղաքական գործիչների օրակարգում: Պատճառը դրա կապն է Հայոց ցեղասպանության հետ, գորգի խիստ խորհրդանշական բնույթը: Այն ընկալվում է որպես հայերի հայրենազրկման ու կոտորածների, որբ մնացած երեխաների ճակատագրի արտացոլում: Վաշինգտոնում խուսափում են գորգը հանրությանը ներկայացնելուց' փորձելով չնեղացնել թուրքերին: Թուրքիայում չեն ցանկանում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը մարմնավորող այս մասունքը հանրայնացվի և ամեն կերպ փորձում են կանխել գորգի ցուցադրման ցանկացած փորձ: Գորգը հարուստ է զարդանախշերով: Հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են Դրախտը:
Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմյան Լիբանանում) ՝որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերած օգնության, հենց այդ պատճառով էլ այն հաճախ անվանում են Ղազիրի գորգ: