«Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի մասնակցությամբ ծեծկռտուքի, իրարանցման հետ կապված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասինԼուրեր.com-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

 

«Ոչ համարժեք պահվածք է դրսևորել տվյալ դատապարտյալը հոգեկան հուզմունքի պահին, որից հետո տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, որտեղ հետազոտվում է՝ հետագա բուժումը ստանալու նպատակով»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հատուկ քանակակազմի հաշվառումից անմիջապես հետո բնակելի տարածքում շրջագայելիս ամառային տաղավարից աղմուկ-աղաղակի ձայներ են լսել, 30-ամյա դատապարտյալ Գրիգորյանի կողմից հնչել են հայհոյանքներ ու սպանության սպառնալիքներ՝ իր բախտակիցներից մեկի հասցեին:

 

Ու թեև լարված իրավիճակ ստեղծվելու մեջ իրենց «ավանդն» ունեցել են նաև մի քանի այլ դատապարտյալներ, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մեկուսացրել են միայն Գրիգորյանին, դա էլ հավանաբար Գրիգորյանի զայրույթի նոր ալիք է առաջացրել: Արդյունքում հերթապահ մաս տեղափոխված դատապարտյալը զուգարան գնալու ճանապարհին ոտքով հարվածել է կարճատև տեսակցությունների սենյակի դռան ապակուն՝ այն կոտրվել է, իսկ դատապարտյալն էլ վայր ընկել ու վնասվածք ստացել: Նրան տեղափոխել են բուժկետ, այնտեղ էլ իր կուտակված զայրույթը դատապարտյալը փորձել է թափել իրեն բուժօգնություն ցույց տվող բուժաշխատողներից մեկի վրա, մասնավորապես, դատապարտյալը մկրատով փորձել է հարվածել բուժաշխատողին, սակայն փորձը կանխվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից: