Նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա միջոցառումներին, իրականացնում են հանրային միջոցառումների շարք' «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» խորագրի ներքո: Միջոցառումները տեղի կունենան Երևան քաղաքում:

 

Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, AIDS healthcare foundation կազմակերպության օժանդակությամբ, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ:

 

Միջոցառումները նպատակ ունեն խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկությունը մեր հասարակությունում, հատկապես երիտասարդների շրջանում և փոխելու հետազոտման հետ կապված կարծրատիպերը, նաև ամրապնդելու այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
«ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» միջոցառումների շարքի շրջանակներում նախատեսվում է ընձեռել անցորդներին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա- և հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Խորհրդատվությունը կտրամադրվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից շարժական բուժախտորոշիչ կլինիկայում, ինչի շնորհիվ կապահովվի գաղտնիությունը:

 

Հակառետրովիրուսային բուժման հասանելիության պայմաններում ՄԻԱՎ վարակի հետ կապված մահացությունը Հայաստանում մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերումով, և հետևաբար, բուժումն ուշ սկսելով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը նախքան հիվանդության կլինիկական դրսևորումների ի հայտ գալը: Հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ժամանակին ստանալու բուժում, խնամք, աջակցություն տրամադրող ծառայություններ, նաև նպաստում է ՄԻԱՎ վարակի հետագա տարածման կանխմանը: