Հայաստանի Լոռու մարզը և Չեխիայի Օլոմոուցի երկրամասը կխորացնեն համագործակցությունը տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործարի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երկու պետությունների միջև միջտարածաշրջանային գործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են Չեխիայի Օլոմուցի երկրամասի վարչական կենտրոնի նահանգապետ Յիրժի Ռոզբորժիլի և Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպման ժամանակ:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործակցային հարաբերություններ հաստատել Օլոմոուցի երկրամասի և Հայաստանի Լոռու մարզերի միջև: Այս նպատակով մոտ ապագայում կմեկնարկեն բանակցությունները համագործակցության հուշագրի նախագծի շուրջ:

 

Անդրադարձ է կատարվել նաև երկու տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային և գիտակրթական կապերի հեռանկարներին: Նահանգապետը մասնավորապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ներդրումային ծրագրերի հանդեպ: Հանդիպմանը մասնակցել են երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչները:

 

Օլոմոուցի երկրամասը գտնվում է Չեխիայի արևելքում և սահմանակից է Լեհաստանին: Այն ունի 5267 քառ. կմ տարածք և շուրջ 640 հազար բնակիչ: Երկրամասի մայրաքաղաքն է Օլոմոուց քաղաքը: