Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնվել է շոկի մեջ խոցված հայկական ուսումնավարժական ուղղաթիռի զոհված անձնակազմի երեք անդամների մարմինները միջադեպի վայրից դուրս բերելու ուղղությամբ անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հատուկ ստորաբաժանումների իրականացրած գործողությունից հետո, եւ հանդես է եկել սեփական ժողովրդին մոլ որեցնելու հերթական ծիծաղելի հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ կողմից այդ առնչությամբ հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ անցած գիշեր ուղղաթիռի խոցման վայրում, իբր, ոչ մի գործողություն էլ «տեղի չի ունեցել», ընդհակառակը', իրադրությունը «հանգիստ է եղել», ադրբեջանական կողմը «զինվորներ չի կորցրել», իրենք «այդտեղ վերահսկում են իրավիճակը», եւ որ մամուլում տարածված այդ լուրերն, իբր, հայկական կողմի «հերթական սադրանքն են»:
Ավելին' Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժամանակին տեղեկացնում է հասարակությանը ճակատում իր կորուստների մասին եւ կազմակերպում նրանց հուղարկավորության հանդիսավոր արարողությունը»:
Մնում է միայն կարծել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում գիշերը քնած են եղել, իսկ համապատասխան ստորաբաժանումները նրանց չեն զեկուցել կատարվածի մասին:
Արցախի Հանրապետության ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը հայտարարել է, որ ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: