Թուրքիայի առաջադեմ Կանաչների եւ ձախերի կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է, որը բխում է ոչ միայն հայկական շահերից, այլ միևնույն ժամանակ դրական է անդրադառնում հենց Թուրքիա պետության վրա: Տեսակետը թուրքագետ Գևորգ Պետրոսյանինն է: «Նման քայլը Թուրքիայի միջազգային իմիջի տեսանկյունից դրական է, որովհետև ընկալվում է որպես ժողովրդավարացման քայլ: Միաժամանակ Կանաչների եւ ձախերի կուսակցությունը Թուրքիայի ազդեցիկ ուժերի չէ եւ քաղաքական օրակարգ չի ձեւավորում: Սակայն այս քայլը կարող է նպաստավոր դառնալ, որպեսզի հասարակական ոլորտում նույնպես սկսվեն քննարկումներ, սակայն անիմաստ է ակնկալել, որ կուսակցության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կբերի Թուրքիայի քաղաքական կյանքում լուրջ փոփոխությունների»,- ասաց նա:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխանն Պետրոսյանն ասաց, որ Թուրքիան փաստը կօգտագործի աշխարհին ներկայացնելու, որ երկրում դրական փոփոխություններ են ընթանում, Թուրքիան գնում է ժողովրդավարացման ճանապարհով: «Թուրքիայի իշխանությունների եւ Կանաչների եւ ձախերի միջեւ կա տասնամյակների թշնամություն եւ այս ճանաչումը չի կարողանա փոխել Թուրքիայի պետական հայացքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն սա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի երկրում գործող ձախակողմյան հայացքներ ունեցող այլ կուսակցությունն երը նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասաց թուրքագետը:
Նոյեմբերի 7-9-ին Ստամբուլում կայացել է Թուրքիայի Կանաչներ եւ ձախերի կուսակցության համաժողովը, որից հետո, կուսակցությունը հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: