«Իշխանությունները մի հետաքրքիր գործընթացն են սկսել: գործի են անցել սոցիոլոգներ, հոգեբաններ, որոնք ապացուցում են, որ գործում են ՀՀԿ պատվերով: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ՀՀԿ պատվերով պետք է թվեր գրի, և այդ մարդն առանց ամոթի առանձնացնելով մի քանի թեկնածուների, որոնք գերագնահատում են իրենց հնարավորությունները՝ նրանց անվանեց պարանոիկներ: Այո, ես գերագնահատում եմ իմ հնարավորությունները»-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:
Թեկնածուն ներկայացրեց Aravot.am, mardik.am, elect.am կայքերում սոցիոլոգիական հարցումները, որոնցում ինքը առաջին տեղում է:Եվ ստացվում է, որ իրեն քվեարկող մարդկանց սոցիոլոգը անվանում է պարանոիկներ:
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, նա նշեց, որ ինչպես հայտարարել էր նախկինում, ինքը շարունակելու է հետևել իր մրցակիցների քարոզարշավին: Իր համար հետաքրքիր է դիտել համար առաջինի քարոզարշավը, որում գերակշռում է հին դպրոցն ու հին կարծրատիպերը: Թեկնածուն սկսեց քննադատել Սերժ Սարգսյանի քարոզարշավը՝ ցրտից սառած դպրոցականների առկայություն, աղ ու հացով դիմավորել, հատուկ հրավիրվածներ: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին, նա կարծիք հայտնեց, որ նա տիպիկ արևմտյան ձևով սկսեց քարոզարշավը: Նա, ով չուներ ֆինանսական միջոցներ քարոզարշավի սկզբում, հանկարծ շատ ճոխ ձևով սկսեց իր քարոզարշավը:
«Պարզապես նրա թիմը մի քիչ լավ չի արձագանքում: Մարդը պաթետիկ ոճով ելույթներ է ունենում, ավարտում է, ու ասում՝ այստեղ կարելի է սափահարել: Տպավորիչ էր վարսավիրանոցի պահը, կարող է հաջորդ քայլը լինի փողոցում կաբինայով դուշ ընդունելը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի ներկայացուցչի արձագանքին ու հարցին, թե Վարդան Սեդրակյանը ում խաղն է խաղում, նա շեշտեց, որ ոչ մեկի խաղն էլ չի խաղում:
«Պարզվում է, որ Հրանտ Բագրատյանը տառապում է ոչ միայն հիշողության կորստով, այլ նաև նարցիսիզմով: Հարց եմ տալիս Հրանտ Բագրատյանին, ես ինչպե՞ս կարող էի ամեն իմ ասուլիսին անդրադառնալ նրան, եթե ես հունիսից սկսած ասուլիսներ եմ տալիս, իսկ Հրանտ Բագրատյանը առաջադրվել է շատ ավելի ուշ»,- նշեց Վարդան Սեդրակյանը:
Անդրադառնալով իր ծրագրին, նա նշեց, որ իր նպատակը մեկն է՝ արդարության հաստատումը, դրա համար պետք է արձակել խորհրդարանը, և ձևավորել այնպիսի խորհրդարան, որը կախված չէ նախագահից:Խոսելով հացադուլ հայտարարած թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելելու մասին նանշեց, որ իր կարծիքով, դա ծայրահեղ քայլ է, և դա արդյունավետ չէ:
«Ես նրան խնդրեցի, որ դադարեցնի հացադուլը ու իր ծրագրերը ներկայացնի իր ընտրողներին, քանի որ դա առավել արդյունավետ կլինի, սակայն նա չհամաձայնվեց դադարեցնել հացադուլը: Վարակի պես տարածվեց էս հացադուլը, ես արդեն վախենում եմ: Դուք հիշեք իմ խոսքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է միանալու հացադուլին, նա դրա փորձը ունի: Վախենում եմ, որ Սերժ Սարգսյանը հանկարծ նստի հացադուլի, մի քիչ սիրուն չի լինի ուղղակի: Պետության առաջին դեմքը ջրի շշով պատի տակ, մի քիչ սիրուն չի»,- կարծիք հայտնեց Վարդան Սեդրակյանը:Վերջում նա նշեց, որ քարոզարշավի ձևաչափը կփոխվի փետրվարի մեկից հետո, որի մասին առավել մանրամասն կհայտնի հետո:
Մելանյա Մելքումյան