ԼՂՀ Մարտունի քաղաքում ընթանում են բնակելի նոր շենքերի կառուցման շինարարական աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը տեղեկացրել է, որ Մարտունիում նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2014թ. փետրվա րից և դեռ ընթացքի մեջ են:
Ըստ ճարտարապետական նախագծի, նոր թաղամասը բաղկացած կլինի բազմաբնակարան քառահարկ 4 շենքերից, որոնցից երեքի արտաքին պատերն ու տանիքները պատրաստ են, իսկ չորրորդի շինաշխատանքները շարունակվում են: Նախագծի համաձայն, թաղամասը կունենա նաև խաղահրապարակ:
Քաղաքապետի խոսքով, շինաշխատանքներն ավարտին կհասցվեն 2015 թվականի մայիսի կեսերին: Շենքերի՝ ընդհանուր առմամբ 120 բնակարանները կտրամադրվեն սոցիալապես անապահով, բազմազավակ ու հաշմանդամ ունեցող կարիքավոր ընտանիքների, ՊԲ զինծառայողների, իսկ մի մասը կիրացվի հիփոթեքային վարկավորմամբ:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։