Բուխարեստում նոյեմբերի 19-23-ը կայացել է «Gaudeamus» գրքի միջազգային սալոնը, որին արդեն երկրորդ տարին մասնակցել է նաև Հայաստանը' որպես Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր: Ռումինիայում ՀՀ դեսպանությունը Ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում ֆրանկոֆոնիայի տաղավարում առանձին բաժնով ներկայացրել է ֆրանսերենով մի քանի տասնյակ հրատարակություններ' «Ֆրանկոֆոն Հայաստանը և հայերը» խորագրի ներքո:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Բուխարեստի գրքի միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը կայացել է նոյեմբերի 19-ին' ֆրանկոֆոն երկրների դեսպանների և ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հայաստանի բաժնում ներկայացված են եղել ժամանակակից Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հնամենի քաղաքակրթության և մշակույթի վերաբերյալ Հայաստանում, Ֆրանսիայում և Կանադայում ֆրանսերենով հրատարակված ուսումնասիրություններ, գեղարվեստական գրականություն, հայ նշանավոր նկարիչների ալբոմներ, մեծ ցուցահանդեսների կատալոգներ, պարբերականներ, հայ հեղինակների ֆրանսերեն թարգմանություններ և ֆրանսագիր հայ գրողների գործեր:

 

Միջոցառումների շարքում կայացել են կլոր սեղաններ, բանախոսություններ, ռադիոզրույցներ և հանդիպումներ տարբեր երկրների ֆրանսագիր գրողների հետ: Նոյեմբերի 20-ին ռումին գրականագետ, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Զամֆիրը ներկայացրել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի ֆրանսերեն թարգմանությունը, իսկ նոյեմբերի 21-ին «Meteor Press» հրատարակչությունը ներկայացրել է Լևոն Հարությունյանի «Սիբիր. Տարած-ետ բերած» հուշերի գիրքն ու իսպանացի գրող Մարիա Անխելս Անգլադայի «Արամի գրառումները» վիպակը:

 

Գրքերի ներկայացման ժամանակ հայ ժողովրդի պատմության ու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ելույթներով են հանդես եկել Ռումինիայի նախկին արտաքին գործերի նախարար, պատմաբան Ադրիան Չորոյանուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը: