Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագծում կառավարությունը հաշվի է առել ներկա տնտեսական իրողությունների բարդությունը։

 

«2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 49 մլրդ դրամի աճ եկամտային մասով, ծախսերի մասով՝ 52 մլրդ դրամի աճ, իսկ դեֆիցիտի առումով՝ 4 մլրդ դրամի աճ, սակայն այս առումով որոշակի դրական միտումներ կան, քանի որ դեֆիցիտի մի մասը՝ 103 մլրդ դրամը, ֆինանսավորվելու է ներքին ֆինա նսական աղբյուրների հաշվին, իսկ արտաքին ֆինանսական աղբյուրներից՝ 10-11 մլրդ դրամը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նոյեմբերի 24-ին կայացած հանդիպմանը հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը և հավելեց, որ 2015թ. պետական բյուջեի նախագծում կենսաթոշակներին և նպաստնե րին ուղղված ծախսերը 385 մլրդ դրամ են՝ նախորդ տարվա 362 մլրդ դրամի համեմատ, որը կազմում է բյուջեի 47.9 տոկոսը, ինչը վկայում է բյուջեի սոցիալական ուղղվածության մասին։

 

Փորձագետը նշեց, որ համաշխարհային մասշտաբով նկատվում են տնտեսական աճի նվազման միտումներ։ «Եվրասիական տնտեսական միություն անդամակցությունը կհանգեցնի տնտեսական որոշակի փոփոխությունների, բացի այդ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցները նույնպես ազդելու են մեր տնտեսության վրա, և այդ ռիսկերը հաշվի առնելով՝ կառավարությունը տնտեսական աճը կանխատեսել է 4.1 տոկոսի սահմաններում, իսկ ավելի բարձր տնտեսական աճ նախանշելը անիրատեսական է»,-ասաց Վիլեն Խաչատրյանը և հավելեց, որ կառավարության ընդունած 3-ամյա ծրագրով 2018թ.՝ տնտեսական ճյուղերի մակարդակով, կանխատեսվում է արդյունաբերության 3.7 տոկոսի աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 4.2 տոկոս, շինարարության ոլորտում՝ 2 տոկոս, իսկ ՀՆԱ-ի առումով՝ մոտ 4.1 տոկոսի աճ։

 

Բանախոսը դրական գնահատեց կառավարության ընդունած որոշումը, ըստ որի սահմանամերձ գյուղերին տրվել են հարկային և այլ կարգի արտոնություններ։

 

«Այս քայլով կառավարությունը նպաստում է սահմանաներձ համայնքներում փոքր և միջին ձեռնարկությունների կայացմանը, որոնք, իրոք, ունեին դրա կարիքը, որը նրանք արտահայտել են տարբեր ձևաչափերով ՓՄՁ-երի հանդիպումների ժամանակ»,-ասաց նա և հավելեց, որ, իհարկե, դեռևս պարզ չէ, թե քանի համայնք է ընդգրկվելու այդ արտոնությունների ցանկում և արդյոք ինչ ժամկետով են նրանց տրվելու այդ արտոնությունները, սակայն ակնհայտ է, որ այդ արտոնությունները պետք է օգնեն փոքր բիզնես ունեցող տնտեսավարողներին քայլ կատարել դեպի միջին բիզնես դաս, որը Հայաստանում անելը բավական դժվար է։

 

2015թ. պետական բյուջեի նախագծով կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015թ. կազմելու են շուրջ 596 միլիարդ դրամ, որը 2014թ. ցուցանիշը գերազանցում է 25 միլիարդ դրամով, իսկ պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար նախատեսվում է ընդհանուր ծախսերի շուրջ 21.4 տոկոսը: