Ադրբեջանում միջին աշխատավարձի գծով ամսական եկամուտի 80 տոկոսը ծախսվում է մթերք ձեռք բերելու վրա: Այդ ցուցանիշը ԱՄՆ-ում 9 տոկոս է, եվրոպական երկրներում' միջին հաշվով 11 տոկոս, Ռուսաստանում' 40 տոկոս: Այնպես է ստացվում, որ Ադրբեջանում մարդիկ աշխատում են սնվելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, analatik.az լրատվական կայքին հայտնել է ագրարային հարցերով մասնագետ Վահիդ Մահառամովը:

 

Փորձագետն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի բնակչության կողմից ամենաշատն օգտագործվող սննդատեսակների արտադրության ու սպառման հարցերին:

 

Նրա խոսքով' ադրբեջանցիների կողմից ամենաշատն օգտագործվող կարտոֆիլի տարեկան պահանջարկն այդ երկրում կազմում է 1,2 մլն տ, որի միայն 950 հազար տոննան է արտադրվում տեղում:

 

«Կարտոֆիլի պահանջարկի մնացած մասն ապահովվում է արտասահմանից ներկրման հաշվին: Սակայն, խնդիրն այն է, որ մարդկանց խաբում են նաեւ այստեղ: Գնորդներին տեղականի գնով էժան գներով ձեռք բերված տեխնիկական կարտոֆիլ են վաճառում, որը ոչ թե սննդի ոլորտի է, այլ օգտագործվում է պլաստմասայի արտադրության մեջ», -ասել է փորձագետը:

 

Նրա խոսքով' կարտոֆիլի տեխնիկական սորտերում նիտրատների տոկոսը բարձր է, եւ այն ծայրահեղ դեպքում կարող օգտագործվել միայն որպես անասնակեր: «Այսինքն' փոխանակ մեծացնեն կարտոֆիլի արտադրության ծավալները, Ադրբեջանում իշխանությունները բնակչությանը սնում են մոտ 4 անգամ էժան գներով ձեռք բերված ու տեղականի գնով վաճառվող անասնակերով», -հայտարարել է ադրբեջանցի փորձագետը: