Այն միջոցների ընդհանուր ծավալը, որոնք «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները որպես փրկագին են ստացել իրենց կողմից առևանգված մարդկանց համար, վերջին տարում կազմել է 35-ից մինչև 45 միլիոն դոլար, պնդում են ՄԱԿ-ի փորձագետները, որոնք ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մոնիթորինգ են իրականացնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Մասնագետների տվյալներով՝ փրկագին ստանալու նպատակով արմատականների կողմից կատարված առևանգումների թիվը շարունակում է անշեղորեն աճել: Ըստ որում, բացի «Իսլամական պետությունից», ավելի ու ավելի հաճախ այդ կարգի միջոցների են դիմում նաև այլ ահաբեկչական կազմակերպություններ, այդ թվում՝ «Ալ Քաիդան» և դրա հետ կապված շարժումները:

 

Ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեի նիստում հայտարարել է ծայրահեղականների նկատմամբ պատժամիջոցների փորձագետ Յոտսնա Լալջին, 2011-ից մինչև 2013 թվականն ընկած ժամանակամիջոցում «Արաբական թերակղզում Ալ Քարիդան» որպես փրկագին է ստացել 20 միլիոն դոլար, իսկ «Մահմեդական Մաղրիբի երկրներում Ալ Քաիդան»՝ 75 միլիոն դոլար վերջին չորս տարվա ընթացքում:

 

Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետների տվյալների՝ 2004-ից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում ահաբեկիչներին որպես փրկագին է վճարվել շուրջ 120 միլիոն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: