Դիարբեքիրի քրիստոնեական գերեզմանոցի պահակ Օզգյուներ Քըլըչերը ահազանգել է, որ գերեզմանատան մոտակայքում կառուցված հարսանյաց սրահի աշխատակիցներն իրենց ողջ աղբը թափում են գերեզմանատան տարածքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «Ակոս» պարբերականը:

 

Թեպետ նա բազմիցս նախազգուշացրել է սրահի աշխատողներին, սակայն որևէ դրական արձագանք չի եղել, փոխարենը ժամանակ առ ժամանակ ենթարկվել է սպառնալիքների: Կատարվածի մասին Քըլըչերը տեղեկացրել է համապատասխան մարմիններին: Վերջիններս, տեղում ծանոթանալով իրավիճակին, նախազգուշացրել են սրահի տնօրինությանը, սակայն վերջիններս չեն ենթարկվել և հետագայում էլ շարունակել են իրենց աղբը թափել գերեզմանատան տարածքում:

 

Քըլըչերը պատմել է, որ գերեզմանատանն արդեն 110 տարի հսկողությունն իրենց տոհմում անցնում է հորից որդուն: «Արդեն մեկ դար է մենք այս վայրին հետևում ենք, պահպանում ենք: Գերեզմանոցում հանգչողների բարեկամներն արդեն այստեղ չեն: Գերեզմաններն Ալլահին են թողնվել, ինձ են թողնվել: Ես եմ պատասխանատուն: Վաղը կամ մյուս օրը եթե գան, ես ի՞նչ պատասխան եմ տալու նրանց»,- նշել է Քըլըչերը: Նա ասել է, որ դեպքի մասին ահազանգել է նաև Դիարբեքիրի Սուր քաղաքի քաղաքապետարանին, որտեղից էլ հատուկ մասնագետներն եկել ու մաքրել են տարածքը, սակայն խնդիրը վերջնական կարգավորում չի ստացել: Այդ պատճառով նա դիմել է լրագրողներին, որպեսզի հարցը լուծում ստանա: