Ադրբեջանցի կալանավորված դիվերսանտները չէին սպասում այդչափ դրական վերաբերմունքի իրենց նկատմամբ ։ «Ես անձամբ ներկա եմ եղել ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը և պետք է փաստեմ, որ դատավորը գերազանց է կատարում իր լիազորությունները, իսկ տուժող կողմը իրեն շատ արժանապատիվ է պահում և միայն մեկ անգամ էր, որ անչափահաս Սմբատ Ցականյանի մայրը չդիմացավ և արտահայտվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նոյեմբերի 26-ին կայացած հանդիպմանը հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեղադրայլների նկատմամբ պահպանում է միջազգային բոլոր նորմերը, ինչը վկայում են նաև ադրբեջանցիների դիվերսանտների անկաշկանդ, չճնշված պատասխանները դատավարության ժամանակ։

 

Փորձագետը նշեց, որ ինքը առաջարկել է մի քանի միջազգային հասարակական կազմակերպությունների գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և հետևել ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը, սակայն արդեն երկու մերժում է ստացել։ «Եթե մարդ այլ երկրում անազատության մեջ է, ապա միջազգային հասարակական կազմակերպությունները պետք է անպայման այցելեն իրեն, սակայն նրանք ընդհանրապես չեն հետաքրքրվում այս հարցովÖ ‰ Շատ կարևոր է, որ նրանք տեսնեն, որ ադրբեջանցի կալանավորված դիվերսանտներին լավ են վերաբերվում և դրա մասի ն հայտնեն դիվերսանտների ազգակիցներին, և դա նաև կօգնի մեզ ինչ-որ ձևով սանձել Ադրբեջանից եկող ապատեղեկատվությունը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը և հավելեց որ, մենք պետք է ավելի հաճախ դիմենք միջազգային հասարակական կազմակերպություններին, որպեսզի նրանք հասկանան, որ մենք մեզ նույնպես համարում ենք միջազգային հանրության լիիրավ անդամներից մեկը։

 

Հունիսի 29­ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4­ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15­ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 

Կազմակերպված հանցավոր խմբի մյուս անդամ՝ Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978թ.) հուլիսի 11­ին, ժամը 18:00­ի սահմաններում,Վարդենիս­Քարվաճառ ճանապարհատվածի 32­րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազերծվել:

 

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվել են: Ընթանում է դատավարություն։