Թուրքիայի բուջեից տեղեկատվական ու քարոզչական խայծերի համար բավական մեծ գումարներ են նախատեսված: Դրանք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նաև հայերի վերաբերմունքը փոխելուն են ուղղվելու: Այս մասին ահազանգեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը:

 

«Բավականին լավ մասնագիտացված ձևով այդ գումարների մի մասը գնալու է ժխտողականության վրա, մյուս մասը՝ «թուրքը փոխվել է» կարգախոսով ծրագրերի, իսկ մի ահռելի մասը կուղղորդվի Հայաստան՝ «հայ-թուրքական սիրուն» նվիրված տեղական ծրագրերին:

 

Այս ծրագրերի մեծ մասը կավարտվի ապրիլին և ցավոք մեր շատ ՀԿ-ներում արդեն 5-6 տարում սովորեցրել են «սիրել» թուրքերին՝ համատեղ փառատոններով, «ինչպես է թուրքը փրկել պապիկիս» խորագրով ծրագրերի միջոցով, կամ այնպիսի ծրագրերի միջոցով, որոնց նպատակն է հայկական դաշտում ջանքեր գործադրելով կոտրելու մեր մեջ պահանջատիրության ցանկությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' տեղեկացրեց Տիգրան Քոչարյանը:

 

Տեղեկատվական անվտանգության փորձագետը ընդգծեց Հայաստանի և Սփյուռքի լուրջ համագործակցությունը և Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Սփյուռքի լուրջ փորձագիտական բազան:

 

«Սփյուռքը հայկական լոբբինգի հարցում մեծ զարգացում է ապրել, իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի համայն հայության բոլոր միջոցառումները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե 2015 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը կճանաչվի, հարցը կփակվի, և մենք էլ այլևս չենք մտածի այդ հարցի շուրջ: Նմանատիպ թեզը ներթափանցել է որոշակի շրջանակի կողմից, սակայն 2015 թ. ապրիլի 24-ին ոչինչ չի վերջանա, և Թուրքիայի արժանի պատժի ու հատուցման, պահանջատիրության հայ ժողովրդի պետք է շարունակվի»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր:

 

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: