
ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան շրջաններում մոլեգնում է ուժգին ձնամրրիկը: Նյու Յորքի հարեւան Նյու Ջերսիի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ցուրտ ցիկլոնի ազդեցության տակ է գտնվում ԱՄՆ-ի գրեթե ողջ հյուսիսարեւելյան ծովափը՝ Վաշինգտոնից մինչեւ Բոստոն:
Թաց ձնից էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետեւանքով առանց էլեկտրաէներգիայի են մնացել տասնյակ հազարավոր սպառողներ: Նյու Ջերսիի մի քանի քաղաքներում ձյան առատ տեղումների պատճառով փակվել են դպրոցները, իսկ պետական հիմնարկությունների աշխատակիցներին թույլատրել են տուն գնալ ավելի շուտ: Գրանցվել են բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ:
Անբարենպաստ եղանակի պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան վեց հարյուր ավիաչվերթ: Խախտվել է մի շարք խոշոր օդանավակայանների, այդ թվում՝ Նյու Յորքի օդանավակայանների աշխատանքը:
Նյու Յորքում օդի ջերմաստիճանը մոտ մեկ աստիճան է, տեղում է թաց ձյուն: Օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ ձնամրրիկի ընթացքում ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսում կարող է տեղալ մոտավորապես տասը սանտիմետր ձյուն:
Կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի արեւելյան ծովափը ցուրտ ցիկլոնի ազդեցության տակ կգտնվի եւս մի քանի օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: