Թուրքիան այս պահին ոչ թե դրական քայլեր է կատարում, այլ վտանգում է տարածաշրջանային կայունությունը և հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնա լով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևկութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանը չի արձագանքում Թուրքիայի դրական ուղերձներին: «Կարծում եմ, որ ոչ հայաստանյան հանրության, ոչ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների, ոչ էլ միջազգային հանրության համար այլևս զարմանալի չպետք է լինի, որ Թուրքիան այս հարցում ցույց է տալիս ընդգծված ցինիզմի քաղաքականություն: Ի՞նչ է նշանակում՝ Հայատանը չի արձագանքում մեր դրական ուղերձներին: Եթե դրական քայլը շրջափակման ենթարկելն է, եթե դրական քայլը Եվրոպայի հետ միակ սահմանը փակ պահելն է, հայ-թուրքա կան արձանագրությունները չվավերացնելն է, նախապայման դնելն է, ղարաբաղյան հակամարտության մեջ քիթը խոթելն է, ապա Թուրքիայի իշխանությունները չարաչար սխալվում են: Միգուցե, Թուրքիայի իշխանությունների տրամաբանության մեջ դրանք դրական քայլեր են»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

 

Նրա խոսքով' Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կգնա քայլերի, որպեսզի խաթարի այն աշխատանքները, որ իրականացնելու են Հայաստանի Հանրապետությունը և հայկական Սփյուռքը: «Եվ ես չեմ կարծում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նրանց կհաջողվի ինչ-որ դրական ֆոն ապահովել իրենց քաղաքականության համար, այլ հակառակը, որովհետև բոլորն ամեն ինչ գիտեն: Եվ ես նաև չեմ բացառում, որ առաջիկա ամիսներին կլինեն պետություններ, որոնք կանդրադառնան Հայոց ցեղասպանության դատապարտման խնդրին և կանդրադառնան Թուրքիայի կեղծ և ժխտողական քաղաք ականությանը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

 

Շարմազանովի բնորոշմամբ' Թուրքիան շարունակում է կեղծիքի և ստի վրա հիմնված իր քաղաքականությունը: Նման քաղաքականությունը միշտ էլ համարժեք պատասխան է ստանում: «Ստի և կեղծիքի վրա հիմնված էր նաև Հիտլերի Ֆաշիստական Գերմանիան, հիմա էլ Թուրքիան է նույն ժխտողական քաղաքականությունն իրականացնում, սակայն Թուրքիան պետք է հաշվի առնի, որ համարժեք պատասխան է ստանալու»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: