Իրաքի եւ Սիրիայի զավթած տարածքներում «Իսլամական պետություն' խալիֆայություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլմական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման բջիջները հյուսիսում ընդհուպ մոտեցել են Ադրբեջանի սահմանին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Bloomberg գործակալությունը գրում է, որ Դաղստանում գործող արմատական իսլամիստ մարտիկների առաջնորդ «ամիր Սուլեյմանը» համացանցում տարածված տեսադիմումում իր ջոկատի հետ հավատարմության երդում է տալիս ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին, եւ հայտարարում, որ իր ղեկավարած ջոկատն ու համայնքն այսուհետեւ մտնում են «Իսլամական պետության» կազմ:

 

Bloomberg-ը «ամիր Սուլեյմանի» դիմումն անվանում է խիստ վտանգավոր երեւույթ եւ հիշեցնում, որ ԻԼԻՊ-ի շարքերում ներկայում կռվում են 300-ից ավելի դաղստանցիներ, որոնց մի մասն արդեն վերադարձել են հայրենիք եւ մարտերի բռնվել ռուսաստանյան դաշնային զորքերի հետ:

 

ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը, մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, տեղի ունեցածն անվանել է «Կովկասում «Իսլամական պետություն» անվան տակ քաղցկեղային ուռուցքի տարածման սկիզբ»: Գործակալությունը հիշեցնում է, որ Դաղստանը սահմանակից է Ադրբեջանին եւ Չեչնիային, ինչը մեծացնում է ահաբեկչական վտանգի տարածման ռիսկը:

 

Ենթադրվում է, որ «ամիր Սուլեյմանի խմբավորումը» երես է թեքել «Կովկասի ամիրայությունից» եւ աջակցություն է խնդրում «Իսլամական պետությունից»: Հակահաբեկչական փորձագետները գտնում են, որ օգտվելով դաղստանցի «ամիրի» հավատարմությունից, «Իսլամական պետությունն» աշխատելու է ուժեղանալ Հյուսիսային Կովկասում:

 

ԻԼԻՊ-ը պայքարում է 6-9 դարերի տիպի իսլամական խալիֆայություն ստեղծելու համար: Ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսների կողմից պատրաստված քարտեզում այդ երեւակայական պետության կազմ է մտցված նաեւ Ադրբեջանը:

 

Անդրադառնալով թեմային' «Ազադլըգ» թերթը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից տարվող բռնաճնշումների քաղաքականությունը երկիրը տանում է արմատականացման, ինչն էլ պարարտ հող է հանդիսանում ԻԼԻՊ-ի' այդտեղ հայտնվելու համար:

 

Հայտնի է, որ Սիրիայում եւ Իրաքում ԻԼԻՊ-ի կազմում կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ եւս: Որոշ դիտորդների կարծիքով' Սիրիայում օրեցօր ահագնացող բախումները հնարավոր է ապագայում ներթափանցեն նաեւ Ադրբեջան: Միջազգային փորձագետների կարծիքով' Ադրբեջանի համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը կրոնական հողի վրա ծայրահեղական հոգեվիճակի ուժեղացումն է: Նրանք գտնում են, որ իսլամիստական խմբավորումների ադրբեջանցի մարտիկների' Սիրիայից Ադրբեջան վերադարձը կարող է պատճառ դառնալ երկրում ներքին կայունության կտրուկ խախտման եւ ահաբեկչական գործողությունների աճի համար: