Թուրքիայի պաշտոնական շրջանակները Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ձեռնարկել են հերթական խորամանկ դիվանագիտական քայլը, որը նպատակ ունի պարզապես միջազգային հանրության մոտ ներկայացնել Թուրքիայի' «հայկական հարցի կարգավորման ջատագովի» և «սեփական պատմությանն անաչառ մոտեցում ունեցողի» իր մտացածին կերպարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Նաջի Քորուն հայտարարել է երկրի արտգործնախարարության արխիվները' սկսած 1919 թվականից, բացելու մասին: Ընդ որում, արխիվները բաց են լինելու միայն հետազոտողների համար, ովքեր ունենալու են իրենց գաղտնաբառերը, որոնց միջոցով էլ ուսումնասիրելու են հին փաստաթղթերը: Թուրքիայի ԱԳՆ համոզմամբ' այդ աշխատանքներն ամբողջականացված կլինեն մինչև 2015 թվականի ավարտը:
Ստացվում է, որ այս անգամ ևս գործ ունենք թուրքական այն հարապարկումների հետ, որտեղ հայտարարվում է բաց արխիվային քաղաքականության մասին: Սակայն ինչպես նախկին դեպքերում էր, այնպես էլ այս պարագայում ի հայտ են գալիս մի շարք հարցեր, որոնք դեռևս մնում են անպատասխան:
Նախ, տարօրինակ է այն, որ պետությունը որոշել է բացահայտել արտաքին քաղաքականությանն առնչվող արխիվային միայն այն փաստաթղթերը, որոնք կթվագրվեն 1919 թվականով և դրանից հետո ընկած տարեթվերով: Այսինքն, Առաջին համաշխարհային պատերազմի և Հայոց ցեղասպանության շրջանին առնչվող երկրի պաշտոնական արտաքին քաղաքական գրագրությունը, որն, անշուշտ, շատ ավելի հետաքրքրական է և կարևոր, շարունակելու է մնալ անհայտ, իսկ փաստաթղթերն անհասանելի հետազոտողների համար:
Բացի այդ, նշվում է, որ միայն հատուկ հետազոտողներն իրենց գաղտնաբառերով մուտք կունենան արտաքին քաղաքական արխիվներ, հետևաբար խոսել դրանց «բաց» լինելու մասին, թերևս, ճիշտ լինել չի կարող: Եվ վերջապես, հետաքրքիր է, թե պաշտոնական Անկարան արդյոք պատրաստ է իր այդ արխիվներն ուսումնասիրելու թույլտվությունը տալ նաև օտարերկրյա մասնագետներին: Բնականաբար, այս հարցերի պատասխանն իր խոսքում փոխարտգործնախարար Նաջի Քորուն չի տվել: Սակայն ակնհայտ է, որ այս անգամ էլ գործ ունենք շարքային թուրք չինովնիկի ոչինչ չպարունակող հայտարարության հետ:
Նախկինում էլ բազմիցս պաշտոնական Անկարան հայտարարել է բաց արխիվների առկայության մասին' հրավիրելով հայ և օտարերկրյա մասնագետներին ուսումասիրելու Հայոց ցեղասպանության տարիների թուրքական արխիվները: Սակայն երբ բանը հասել է դրանք գտնելուն, բոլոր անհրաժեշտ նյութերը կամ եղել են անհասանելի, կամ ոչնչացված, կամ էլ գաղտնի փաստաթղթերի շարքում և այս մասին բարձրաձայնել են հենց թուրք պատմաբաններն ու հետազոտողները:
Հետևաբար, 2015 թվականին ընդառաջ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը պետք է ընդունել որպես թուրքական քարոզչամեքենայի ձեռնարկած հերթական քայլը' ուղ ղված սեփական արատավորված անունը մաքրելուն: