Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան անդրադարձել է տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչման հավակնորդներին և նշել, որ մրցանակին արժանի է Ռոնալդուն՝ հավելելով, որ չի հասկանում Միշել Պլատինիի այն հայտարարությունը, որ մրցանակը պետք է բաժին ընկնի Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկին, քանի որ նրանք հաղթել են աշխարհի առաջնությունում:
«Ֆուտբոլային աշխարհի համար Կրիշտիանու Ռոնալդուն այս տարի գերազանցում է մյուսներին: Նա հաղթել է Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Կարող է թվալ, որ այսպես եմ խոսում, քանի որ Ռոնալդուն թիմակիցս է, սակայն յուրաքանչյուր օբյեկտիվ մարդ պետք է իմանա, որ «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Ռոնալդուին: Եվ ես չեմ հասկանում՝ ինչու է ՈւԵՖԱ-ի նախագահն այսպես արտահայտվել այս հարցում: Դա շատ կարևոր պաշտոն է, որ այս հարցում որևէ դիրքորոշում ունենաս»,- Արբելոայի խոսքը մեջբերում է Marca-ն: