Փարիզում երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, առանձին աշխատանքային հանդիպումներ է ունեցել որոշ արտասահմանյան գործընկեր ծառայությունների պատվիրակությունների, մասնավորապես' Հունաստանի դատական կատարողների միության և Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի պատվիրակությունների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման և հետագա զարգացման հեռանկարները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, Հունաստանի դատական կատարողների միության նախագահ Էֆթիմիոս Պրեկետեսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում միության նախագահը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին կրկին շնորհակալություն է հայտնել հոկտեմբերին Ծաղկաձորում անցկացված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպման և հյուրընկալության համար:

 

Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանում կայացած համաժողովում քննարկված հարցերն իրենց արդիականությամբ և կարևորությամբ էական նշանակություն են ունեցել իրենց համակարգում առկա նույնաբովանդակ խնդիրների վերլուծության և որոշակի եզրահանգումներ կատարելու հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև պետական և մասնավոր համակարգերում հարկադիր կատարման գործընթացի առանձնահատկությունները, երկու համակարգին բնորոշ մարտահրավերները:

 

Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պարտապանի ակտիվների հայտնաբերման, արգելադրման և բռնագանձմանն առնչվող ներպետական օրենսդրական կարգավորումները, այդ գործընթացում ծագող առանձին խնդիրները և դրանց լուծման հնարավոր մեխանիզմները:

 

Հանդիպման ավարտին Ալեքսանդրա Տրեսնևը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Սերբիայի դատական կատարողների ազգային պալատ և տեղում առավել մանրամասն ծանոթանալու համակարգի գործունեության ն ու դրա առանձնահատկություններին, ինչն ընդունվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից: