ԱՄՆ-ն ակնկալում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար ստեղծված միջազգային կոալիցիայի 60-ից ավելի մասնակից երկրները ներկա կլինեն այն խորհրդաժողովում, որը դեկտեմբերի 3-ին կկայանա Բրյուսելում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպ արտամենտի մամուլի ծառայությանը, այդ համաժողովն առաջին անգամ կանցկացվի նախարարական մակարդակով, իսկ ԱՄՆ-ի կողմից դրան կմասնակցեն պետքարտուղար Ջոն Քերին եւ ԻՊ-ի հակազդման կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ պաշտոնաթող գեներալ Ռիչարդ Ալենը:

 

«Խորհրդաժողովում քննարկվելու Է «Իսլամական պետության» ջախջախմանն ուղղված ընդհանուր ջանքերի քաղաքական մեխանիզմը»,- նշել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ընդհանուր քննարկումներից զատ, Քերին եւ Ալենը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ:

 

Դեկտեմբերի 2-ին՝ խորհրդաժողովից մեկ օր առաջ, պետքարտուղարը կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների իր գործընկերների հետ կայանալիք խորհրդակցությանը, որը տեղի կունենա Բրյուսելում: Այնտեղից նա կուղեւորվի շվեյցարական Բազել՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Իր հերթին Ալենը կայցելի Բեռլին, որտեղ կոնսուլտացիաներ կանցկացնի գերմանացի մասնագետների հետ:

 

Ինչպես հայտարարում է Բարաք Օբամայի վարչակազմը, Իրաքում եւ Սիրիայում գործող իսլամիստների դեմ պայքարելու համար ձեւավորված միջազգային կոալիցիան ներառում է 60-ից ավելի պետություն եւ մի քանի միջազգային կազմակերպություն: Ամերիկյան օդուժն սկսել է Իրաքում ԻՊ-ի դիրքերը ռմբակոծել օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից: Իրաքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետ միասին մարտական գործողություններին մասնակցում են Ավստրալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Կանադայի, Նիդեռլանդների եւ Ֆրանսիայի, Սիրիայում՝ Բահրեյնի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիությունների եւ Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: