Գյումրին այս տարի Ամանորը կդիմավորի ավելի շքեղ ու յուրօրինակ ձևավորումով: Քաղաքի տարբեր հատվածներում արդեն մեկնարկել են ձևավորման աշխատանքները: Այն, որ այս տարի քաղաքը փոքր-ինչ այլ տոնական հանդերձանքով կներկայանա գյումրեցիներին, հաստատում են ոչ միայն քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, այլ նաև մասամբ ավարտված աշխատանքները: Քաղաքին յուրահատուկ տեսք տալու համար ներկրվել է 106 դեկոր:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: «Քաղաքի տեսքն ամբողջովին թարմացվելու է: Այն կլինի մեր քաղաքին հարիր տոնական տեսքով: Որոշ թաղամասերում արդեն տոնական դեկորները տեղադրված են: Զարդարվում է նաև քաղաքապետարանի հարակից տարածքը և Ռիժկովի ճեմափողոցը, կզարդարվի նաև Գյումրու «Հակոբ Մծբնեցի» եկեղեցու տարածքը և մի շարք այլ թաղամասեր ու փողոցներ»,-նշեց Ռուբեն Սանոյանը:
Նաև քաղաքի գլխավոր եղևնին այս տարի կներկայանա նոր զարդարանքով ու նոր ոճով: «Աշխատելու ենք, որ այս տարի Գյումրու կենտրոնական հրապարակի եղևնին լինի լրիվ նոր զարդարանքով ու տեսքով: Կլինի ամբողջովին նոր մոտեցում: Ցանկանում ենք, որ այս սոցիալական դժվարին պայմանների մեջ ինչ-որ ձևով ուրախացնենք ք աղաքի փոքրիկներին: Կաշխատենք ժողովրդի տրամադրություն բարձր պահել»,- ավելացրեց Ռուբեն Սանոյանը:
Քաղաքի ողջ զարդարանքը ու գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև դեկտեմբերի 15-ը:
Արմենուհի Մխոյան