Ծաղկաձորում մեկնարկել է հետաքննչական լրագրողության և ֆոտոլրագրությանը նվիրված հակակոռուպցիոն դասընթացներն ամփոփող քառօրյա ծրագիրը, որն իրականացվում է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության կողմից' ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ե ԱՀԿ-ի տարածած հաղորդագրությունը, ծրագրին մասնակցում է 25 երիտասարդ:

 

«Երիտասարդներին արդյունավետ և արդար կառավարման մեջ իրենց դերի մասին ուսուցումը, կոռուպցիայի վտանգների մասին իրազեկվածության բարձրացումը և հանրության հուզող հարցերի շուրջ հանրային բանավեճեր նախաձեռնելու հմտությունները կարևոր նշանակություն ունեն»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը:

 

Դասընթացի շրջանակներում երիտասարդները կմասնակցեն բանավեճերի, ինտերակտիվ խաղերի, կամփոփեն հետաքննական լրագրության և վավերագրական լուսանկարչության վերաբերյալ նախապատրաստական դասընթացների ժամանակ ստացած դասերը: