Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ ընդհանուր քննարկումներ են անցկացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Ներկաները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գալիք տարվա ծրագրերն ու առաջարկները:

 

Աշխատանքային այցելությամբ Բազելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած' Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների, ուսումնավարժական թռիչք իրականացնող' Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակի վրա։ Հանդիպմանը շարունակվել են քննարկումները' ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ։

 

Էդվարդ Ն ալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։