Իսպանիայում բանտից ազատ է արձակվել բասկյան ԷՏԱ ահաբեկչական կազմակերպության զինված թեւի ղեկավարներից մեկը՝ 66-ամյա Սանտյագո Արասպիդե Սարասոլան, որը հայտնի է «Սանտի Պոտրոս» մականվամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ որոշումն ընդունել է Իսպանիայի Ազգային դատական պալատը:

 

«Սանտի Պոտրոսը» Ֆրանսիայում ձերբակալվել էր 1987 թվականին եւ դատապարտվել տասը տարվա բանտարկության: 2000 թվականին ահաբեկիչը հանձնվել էր Իսպանիային, որտեղ 3 հազար տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչական մի քանի ակցիաների մասնակցելու, այդ թվում՝ 1986 թվականին Մադրիդում եւ 1987 թվականին Բարսելոնի առեւտրական կենտրոնում պայթյուններ կազմակերպելու համար: Սակայն, ԵՄ-ի երկրներում գոյություն ունեցող իրավաբանական նորմերի շնորհիվ, որոնք սահմանում են բանտում դատապարտվածի առավելագույն հնարավոր գտնվելու ժամկետը, «Սանտի Պոտրոսը» ազատ է արձակվել գրեթե 28 տարվա բանտարկությունից հետո:

 

Համանման որոշում էր ընդունվել նաեւ բասկյան մեկ այլ ահաբեկչի՝ Ալբերտո Պլասաոլայի նկատմամբ, որը 1987 թվականին պայթյունի նախապատրաստմանը մասնակցելու համար դատապարտվել էր 48 տարվա բանտարկության, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: