Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համաձայն չէ հնչող տեսակետին, թե Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, կորցնում է ինքնիշխանությունը: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատգամավորը նկատեց, որ եթե նույնիսկ ինքնիշխանության կորուստ է լինում, ապա դա լինում է բոլոր կողմերի համար:
«Ցանկացած գործընթացի եթե ինտեգրվում ես, ապա այնտեղ ինչ-որ բաներ զիջում ես, սակայն զիջում են բոլորը: Եթե դու ավելի շատ ես զիջում, նշանակում է դու վատ ես բանակցել: Սկզբնական շրջանում, երբ մենք խմբակցությունում քննարկում էինք հարցը, թե ինչպես է պետք քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին, տարբեր մոտեցումներ կային այս հարցում: Մենք այս հարցը շատ երկար ենք քննարկել, և պետք է ասեմ, որ այս պայմանագիրը ոչ շատ լավ ենք համարում, ոչ էլ շատ վտանգավոր: Կողմ քվեարկելու որոշումը եղել է պրագմատիզմի դրսևորում, մենք միմյանց համոզել ենք, որ ճիշտ է կողմ քվեարկելը, և այդ որոշումը գրեթե կոնսենսուսով է կայացվել:
Այս որոշումը կայացվել է հանուն Հայաստանի անվտանգության, քանի որ տարածաշրջանում ընթացող զարգացումների ֆոնին մենք այլ ելք չունենք, քան այս միությանն անդամակցելը: Եթե չանդամակցենք այս միությանը, մենք կխորացնենք մեր մեկուսացվածությունը և դուրս կմնանք տարածաշրջանային գործընթացներից, ինչը շատ վտանգավոր կլինի մեր երկրի անվտանգության համար»,- ասաց Մարգարյանը: