Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) նոր զեկույցում հայտնում Է, որ ամբողջ աշխարհում կանայք ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան նույն պաշտոններն զբաղեցնող տղամարդիկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ըստ կազմակերպության տվյալների՝ կանանց աշխատավարձն ավելի քիչ Է նաեւ այն դեպքերում, երբ նրանք աշխատանքի ավելի մեծ փորձ ունեն, ավելի գրագետ են եւ աշխատանքում ավելի արդյունավետ, քան արական սեռի գործընկերը:
Ուսումնասիրության մեջ վերլուծվել Է աշխարհի 38 երկրների աշխատավարձերին վերաբերող վիճակագրությունը, եւ այդ երկրներից յուրաքանչյուրում տղամարդն ավելի բարձր Է վճարվում:
Դրա հետ մեկտեղ, ԱՄԿ-ի տվյալների համաձայն, կանայք միջին հաշվով աշխատանքի ավելի բարձր արդյունքներ են արձանագրել, քան նրանց տղամարդիկ գործընկերները եւ կարող Էին ավելի բարձր աշխատավարձ ակնկալել: Այսպես, Եվրոպայում կանայք միջին հաշվով 18,9 տոկոսով պակաս են ստանում, քան տղամարդիկ, թեեւ առնվազն 1 տոկոսով ավելի բարձր աշխատավարձի են արժանի տղամարդկանց ստացած աշխատավարձի համեմատությամբ:
Իսկ Ռուսաստանում, ինչպես նաեւ Բրազիլիայում, Դանիայում, Շվեդիայում եւ Լիտվայում կանանց աշխատավարձին ենթադրվող հավելումը տղամարդկանց աշխատավարձի մակարդակի համեմատությամբ կարող Էր կազմել 10 տոկոսից ավելի: Մինչդեռ իրականում Ռուսաստանում կանանց աշխատավարձը գրեթե 23 տոկոսով պակաս Է, քան տղամարդկանցը՝ այլ հավասար պայմանների դեպքում:
Դատելով հետազոտության արդյունքներից՝ Չինաստանում տղամարդիկ եւ կանայք «հավասար» են աշխատում, բայց կանանց աշխատավարձը գրեթե 23 տոկոսով պակաս Է տղամարդկանց աշխատավարձից: