Նիդերլանդների աշխատավորական կուսակցությունը (PvDA) հեռացրել է իր՝ ծագումով թուրք երկու պատգամավորի նախ խորհրդարանական խմբակցությունից, ապա կուսակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով' Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքը, այս մասին տեղեկացնում է Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

 

Թունահան Կուզուն և Սելջուկ Օզթուրքը կտրականապես դեմ էին Աշխատավորական կուսակցության նախարար Աշերի ծրագրին' Նիդերլանդներում գործող չորս թուրքական կազմակերպություններում ստուգումներ անցկացնելու մասին: Ըստ նախարարի' այդ կազմակերպությունները չունեն թափանցիկ գործնեություն և գտնվում են Թուրքիայի կառավարության խիստ ազդեցության տակ:

 

Թուրք պատգամավորները կարողացել են Աշխատավորական կուսակցության ցանկով խորհրդարան թափանցել, այսպես կոչված «գերադասության քվեներով»: Նիդերլանդների ընտրական օրենքը թույլ է տալիս կուսակցության ցուցակից ընտրել այն անձին, որին գերադասում ես: Հենց այս ձևով էլ նրանք հավաքելով տասնյակ հազարավոր թուրք բնակիչների ձայները անցել են խորհրդարան:

 

Թուրքական չորս կազմակերպություններից մեկը «Դիանեթ» կազմակերպությունն է, որն ընդգրկում է Նիդերլանդներում գործող թուրքական մզկիթների կեսը: Հենց այս կազմակերպությունն էր, որ 2014 թվականի հուլիսի 1-ին կազմակերպեց Ալմելոյի բազմահազարանոց հակահայկական ցույցը' ուղղված Ալմելոյում Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը: Ցույցի կազմակերպիչների նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ ազգամիջյան ատելություն սերմանելու մեղադրանքով, քանի որ ցույցի ժամանակ հնչել են անթյուլատրելի կոչեր, ինչպիսիք են՝ «Ղարաբա ղը կդարձնենք հայերի գերեզման»: Քրեական գործը հարուցել են Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան: