Ռուսաստանի տնտեսությունը նշանակալի է Եվրամիության համար, իսկ ՌԴ-ում ճգնաժամային երեւույթները «ալիքաձեւ կազդեն» եվրոգոտու եւ համաշխարհային տնտեսության զարգացման վրա, ինչպես դա եղավ 1998 թվականի դեֆոլտից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է The Guardian-ի տնտեսական բաժնի խմբագիր Լարի Էլթոթը:

 

«Ռուսաստանի տնտեսության ներկայիս խնդիրները պայմանավորված են նավթի գնի կտրուկ անկմամբ, բայց Ռուսաստանն այդ գործընթացից տուժած միակ երկիրը չէ: Ռուսաստանից հետո իսկույն հարց կծառանա՝ ով է հաջորդը»,- գրում է տնտեսագետը՝ նկատի ունենալով, որ սեւ ոսկու գների անկումից կտուժեն Վենեսուելան եւ Իրանը:

 

Ռուսաստանի տնտեսության խնդիրներից զգուշանալու գլխավոր պատճառների թվում Էլիոթը նշում է ՌԴ-ի սերտ տնտեսական կապերը Արեւելյան Եվրոպայի երկրների հետ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսության դժվարությունները կարող են «լուրջ հետեւանքներ ունենալ, օրինակ, Լեհաստանի կամ Ուկրաինայի համար, որոնց տնտեսությունն արդեն լրջորեն խախտված է»: Բացի այդ, կտուժի նաեւ Արեւմտյան Եվրոպան, եթե ինչ-ինչ պատճառներով դադարեցվեն ռուսական գազի մատակարարումները:

 

Էլիոթը նաեւ այն կարծիքին է, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ լարվածությունն իր ավանդն է ներդրել «մռայլ տնտեսական տրամադրությունների» մեջ, որոնք 2014 թվականի գարնանից հանգեցրին Եվրամիության խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայի ֆինանսական ցուցանիշների նվազեցման: «Ռուսաստանը միանգամայն կարող է Գերմանիային հրել ռեցեսիայի»,- գրում է հոդվածի հեղինակը՝ ենթադրելով, որ այդ ամենը չի կարող չազդել աշխարհի տնտեսական իրադրության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: