Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից կոչ արեց չմոռանալ հիշողությունը, որն ապագան կառուցելու միջոց է: Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում դեկտեմբերի 8-ին մեկնարկել է «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումները, որը կազմակերպել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

 

«Ինչպես Հայաստանը, Ուրուգվայը ևս պաշտպանում է խորն արժեքները միջազգային հարաբերություննում: Խոսում եմ ազատության, արդարության, իրավական պետության հանդեպ հարգանքի մասին, խոսում եմ խաղաղության մասին, բոլոր հակամարտությունների խաղաղ լուծման մասին: Այդ պատճառով է, որ մենք պայքարում ենք դաժանությունների դեմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Աստորին:

 

Ուրուգվայցի պաշտոնյանի խոսքով' իրենց երկիրն առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ու դրանով նրանք ոչ միայն բարձրաձայնում են հայերի ցեղասպանության մասին, այլև պայքարում են, որ հիշողությունը դրա մասին վառ մնա: «Պայքարում ենք այն բանի համար, որ երբեք էլ չկրկնվի այդ դաժանությունը, որ պատուհասեց հայ ժողովրդին: Ու աշխատանք ենք տանում այն ուղղությամբ, որպեսզի այդ հիշողությունը պահպանենք: Առանց հիշողության կյանք չկա, առանց հիշողության չկա անցյալ, բայց նաև առանց հիշողության չկա ապագա: Շատ շնորհակալ եմ ինձ ընձեռված այս հնարավորության հազար»,-եզրափակեց Դանիլո Աստորին:

 

Ազգային ժողովի նախագահի հրավերով' Ուրուգվայի գործող փոխնախագահ, Ընդհանուր ժողովի՝ օրենսդիր մարմնի նախագահ Դանիլո Աստորին դեկտեմբերի 5-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Սա ուրուգվայցի մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան։ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: