ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կշարունակի հացադուլը, քանի դեռ չեն կատարվել իր պահանջները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով նախագահի թեկնածուի պահանջները: «Նա չի ճանաչում ընտրությունների օրինականությունը և գտնում է, որ պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթած ֆարսը: Նա հստակ պահանջում է, որպեսզի Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցի ընտրություններին, ինչը կարող է լինել միակ պայմանը, որպեսզի ընտրություններն անցնեն օրինական ճանապարհով»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա նաև հիշեցրեց, որ Անդրիաս Ղուկասյանի պահանջներից մեկն էլ միջազգային դիտորդներին է վերաբերում: Նա պահանջում է, որպեսզի դիտորդները լքեն Հայաստանը, քանի որ նրանց մասնակցությունն ընտրություններին չի կարող կառուցողական բնույթ ունենալ, երբ Հայաստանի իշխանությունները չեն կատարում մրցակցային ընտրություններ ապահովելու մասով ստանձնած միջազգային պարտավորությունները:
Արմեն Գրիգորյանը նաև նշեց, որ նախագահի թեկնածուի հայտարարած հացադուլի հասցեատերը հայ հասարակությունն է, հասարակությունը պետք է իր վերաբերմունքը ցույց տա:
«Կտեսնենք՝ ովքեր ցանկություն ունեն շարժմանը մասնակցել, դա էլ կորոշի ելքը: Հացադուլի հասցեատերը հենց հասարակությունն է, ըստ դրա էլ մեր գործողությունները կշարունակենք: Երբ ասում ենք, որ հասցեատերը հասարակությունն է, ցանկանում ենք, որ հասարակությունը փորձի քայլեր ձեռնարկել, ոչ թե պասիվ դիրքում մնա, այլ փորձի երկրում փոփոխություններ կատարել»,- ասաց նա՝ հավելելով, որ հասարակության կողմից ավելի մեծ արձագանք են ստացել, քան սպասում էին:
Հատկապես մեծ արձագանք է եղել Սփյուռքի կողմից: Իր պահանջների չկատարման դեպքում Անդրիաս Ղուկասյանը հացադուլը կշարունակի մինչև փետրվարի 18-ը, դրանից հետո, ըստ նրա ներկայացուցչի, քաղաքական պայքարի նոր մեթոդներ կորդեգրի: Արմեն Գրիգորյանը նշեց, որ նախագահի թեկնածուի առողջական վիճակը բավարար է, բժիշկներն ամեն օր այցելում են նրան:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հացադուլն ինքնագովազդի միջոց է, Արմեն Գրիգորյանը նշեց. «Կարող է պատրանք լինել շատերի մոտ, թե ինքնագովազդ է, բայց մարդը պետք է բավական կամքի ուժ ունենա, որ միայնակ գնա համակարգի դեմ: Դա մեծ կամքի ուժ է պահանջում: Եկեք չթերագնահատենք անհատի գործողությունները, մենք հույս ունենք, որ այս գործողությունները կարող են փոփխությունների բերել»:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, թե հացադուլով միանալու է Անդրիաս Ղուկասյանին՝ կոչ անելով, որ վերջինս հրաժարվի հացադուլից, Արմեն Գրիգորյանը նշեց. «Անդրիաս Ղուկասյանը պահանջ է դրել, որ Սերժ Սարգսյանը չմասնակցի ընտրություններին: Իսկ Պարույր Հայրիկյանի ասածը չի համապատասխանում Ադրիաս Ղուկասյանի նպատակներին»: