Գալիք տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին արտոնություններ տրամադրելու մասին օրենքը, որը վերջերս հաստատվեց ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Արտոնությունների տրամադրման ցանկում հայտնված Գեղարքունիքի մարզի սահմանամերձ երկու համայնքներից մեկը Ճամբարակ քաղաքն է, որ բնակիչները եկող տարվանից կօգտվեն կառավարության կողմից սահմանված համապատասխան արտոնություններից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի համար սահմանված 50 տոկոս զեղչից կօգտվեն Ճամբարակ քաղաքի 1965 տնտեսություններ:
Բոլոր տնտեսությունները կօգտվեն էլեկտրաէներգիայի սպառման դիմաց սահմանված 50 տոկոս զեղչից, քանի որ բոլորն էլ սպառում են էլեկտրաէներգիա: Իսկ ահա սպառած գազի դիմաց սահմանված արտոնությունից կօգտվի տնտեսությունների մոտ 80 տոկոսը, քանի որ մնացած 20 տոկոսը բնական գազ սպառող բաժանորդ չեն: Այլ հարց է, եթե նրանք էլ, ելնելով սահմանված զե ղչեր ունենալու հնարավորությունից, ցանկանան գազաֆիկացնել իրենց բնակարանները:
Նույնը վերաբերում է նաեւ խմելու ջրի խնդրին, քանի որ «Հայջրմուղկոյուղու» սպասարկման տիրույթից դուրս են մնացել առանձին տնտեսություններ, որոնք ընդհանրապես խմելու ջրի դիմաց չեն վճարում: Մարդիկ ուրախությամբ են ընդունել կառավարության որոշումը, սակայն առավել կուրախանան, երբ զեղչ գներով կկատարեն առաջին վճարումները եւ էապես կզգան կառավարության որոշման դրական ազդեցությունը»,- նշեց քաղաքապետը:
Խոսրով Խլղաթյան