ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, որը երկօրյա այցով գտնվում է Թբիլիսիում, այն կարծիքին է, որ Վրաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Մեր հարաբերություններն երբեք այսքան սերտ չեն եղել: Մենք սերտորեն համագործակցում ենք կրթության ոլորտում: Վրաստանից Գերմանիայում սովորում է ավելի քան 2800 ուսանող, ինչն ինձ շատ է ուրախացնում: Դրա հետ մեկտեղ մենք գործակցում ենք այլ հարցերում, օրինակ, ISAF ծրագրի շրջանակներում. վրացի զինվորականները պատրաստություն են անցնում գերմանացի հրահանգիչների ղեկավարությամբ: Շատ կարեւոր նշանակություն ունի Ասոցացման մասին համաձայնագիրը, որը Վրաստանը մոտեցնում է Եվրամիությանը»,- հայտարարել է Շտայնմայերը Վրաստանի իր պաշտոնակից Թամար Բ երուչաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նախարարները հայտնել են, որ 2017 թվականը հայտարարված է Գերմանիայի եւ Վրաստանի բարեկամության տարի: Ինչպես ասել է Բերուչաշվիլին, այդ իրադարձությունը Վրաստանը եւ Գերմանիան միասին կնշեն:
«Հուսով եմ, որ մինչ այդ մենք կունենանք լավ արդյունքներ, եւ տոնը միասին կնշենք: Մենք ջանքեր չենք խնայում որոշակի արդյունքների հասնելու համար»,- հավելել է Բերուչաշվիլին: