Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքի փոփոխությունը կբերի 1.5-2.0 տոկոս լրացուցիչ գնաճի այս և հաջորդ եռամսյակներում, որից հետո այդ ազդեցությունը կչեզոքացվի 1 տարվա ընթացքում: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը' խոսելով դրամի արժեզրկման և գնաճի վրա դրա ազդեցությունների մասին:

 

«Փոխարժեքը կարևոր գործոն է գնաճի վրա ազդելու տեսակետից, բայց ոչ որիշիչ: Ճիշտ է, փոխարժեքի փոփոխությունը ազդում է ներմուծված ապրանքների գների վրա, որոնք մեր սպառողական զամբյուղի մոտ 37 տոկոսն են կազմում, սակայն փոխարժեքի ազդեցությունը գների վրա կախված է տարբեր գործոններից, ինչպես, օրինակ, շուկաների կառուցվածքը, մրցակից ապրանքների առկայությունը և այլն: Այս պահին Կենտրոնական բանկը գնահատում է, որ 2014 թվականի վերջին և 2015 թվականին գնաճը կլինի նպատակային թիրախի շրջանակներում, այսինքն' 4+/-1.5 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:

 

Ջավադյանը տեղեկացրեց, որ դրամավարկային քաղաքականության ուղղությունների հերթական քննարկման ժամանակ Կենտրոնական բանկն ավելի մանրամասն կներկայացնի գնաճի վրա վերջին զարգացումների հնարավոր ազդեցությունը:

 

«Ինչ վերաբերում է առանձին ապրանքային շուկաներին, ապա հնարավոր է, որ այդ շուկաներում նույնպես լինեն չարաշահումներ՝ գների չհիմնավորված թանկացման միջոցով, ինչպես նաև ապրանքների թանկանալու մասին լուրեր տարածելու միջոցով, որը բերում է արհեստական պահանջարկի ստեղծմանը: Կառավարության պատկան մարմինները իրավիճակին ուշադիր հետևում և վերլուծում են, ու բացահայտման դեպքում կպատժեն բոլոր մեղավորներին»,- հավելեց գլխավոր դրամատան ղեկավարը:

 

Նոյեմբերի 24-ից Հայաստանում դրամը սկսել է արժեզրկվել: Ներկայումս դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը շուրջ 455 է: