Հայաստանը ձգտելու է մոտական տարիներին հատել «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի սանդղակի 50 միավորի սահմանը. ներկայումս ՀՀ-ի համաթիվը 37 է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ դեկտեմբերի 9-ին հանդիպմանը նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

 

Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Փոխնախարարի խոսքով' վերջին տասնհինգ տարում Հայաստանում իրականացվել է կոռուպցիայի դեմ պայքարի երկու ռազմավարություն, այսօր շրջանառության մեջ է դրված նոր ռազմավարությունը, որի կարևորագույն մոտեցումներից է բարձրացնել հասարակության վստահությունը և ներգրավվածությունը հակակոռուպցիոն պայքարում:

 

«Նախորդները ծավալով ավելի մեծ էին, սակայն այս ռազմավարությունում շեշտը դրվելու է բարեխիղճ հանրային ծառայողների դասի և արդյունավետ պետական համակարգի ձևավորման վրա, քանի որ կոռուպցիոն ռիսկերն ավելի հաճախ առաջանում են հենց քաղաքաացի-ծառայող շփման գծում:

 

Կարևորագուն մոտեցումներից մեկն էլ այն է, որ նոր ռազմավարությունը հիմնված է լինելու հասարակության վստահության վրա»,- ասաց Քրմոյանը' հավելելով, որ նախկինում արված դիտարկումների համաձայն' հայ հասարակությունը բավական հանդուրժողական է կոռուպցիոն երևույթների հանդեպ:

 

Նպատակներից մեկն էլ անհանդուրժողականությունն է այս արատավոր երևույթի հանդեպ, բարձրացնել հասարակության և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը հակակոռուպցիոն պայքարին: «Հասնել այն նպատակին, որ քաղաքացիները հավատան, որ իրենց գործողությունները բերում են արդյունքների»,- նշեց Քրմոյանը:

 

Նոր հակակոռուպցիոն ռազմավարության մեջ առանձնացվել են չորս հիմնական թիրախային ոլորտներ ' կրթություն, առողջապահություն, ֆիանանսների ոլոտում հարկահավաքությունը և ոստիկանության կողմից ծառայության մատուցումը: Հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ' դիտարկվում է հաջորդ տարիներին սոցիալական ոլորտի ներգրավումը ռազամավարական ծրագրում:

 

Հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցությունից հետո արդյոք Հայաստանում կոռուպցիոն երևույթներն ավելի արտահայտված կլինեն, թե վիճակը կբարելավի, փոխնախարարն ասաց, որ ոչ ոք չի կարող ասել, թե որևէ միությանն անդամակցությունը կոռուպցիոն ինչ ռիսկեր կարող է առաջ բերել:

 

Միաժամանակ, նա հավելեց, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ հունվարի 1-ից տեղի կունենան փոփոխություններ, կկատարվի ռիսկերի վերլուծություն, որի հիման վրա էլ նոր միջոցառումներ կներառվեն ռազմավարության մեջ: «Կոռուպցիայի դեմ պայքարի խուհուրդն ամեն տարի կվերանայի ռազմավարությունը' լրացուցիչ միջոցառումներ ներառելով»,- ասաց Ս. Քրմոյանը: